ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ֆրանցիսկոս Պապ. Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է

Ֆրանցիսկոս Պապ. Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է
25.06.2016 | 16:12

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նախագահը և երկու հովվապետերը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սրբազան Քահանայապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը:


Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է», - գրել է Սրբազան Քահանայապետը:


Հուշահամալիրում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիոս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ